Աննա Դանիբեկյանը մերժեց Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքը վերացնելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 3-ինդատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը  ներկայացրեց իր պաշտպանյալի սահմանային տեղաշարժի վերահսկողությունը հանելու միջնորդությունը:

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ միջնորդությունը դատաքննության առարկա չէ և չի կարող քննարկվել: Նա նշեց, որ դատարանը իրավասու չէ պահանջել Ազգային անվտանգության ծառայությունից և ոստիկանությունից նախկինում կատարված գործողությունների կամ որոշումների հիմքեր, քանի որ դա քննության առարկա չի կարող հանդիսանալ

Դատախազ Պետրոս Պետրոսյանը ելույթի ընթացքում նշեց, որ միջնորդությունը կապ չունի սույն քրեական գործի հետ.

«Ոստիակնության կողմից կատարված գործողությունները իրավաչափ են, թե իրավաչափ չեն, կատարված գործողությունները ենթադրյալ հանցանք են, թե հանցանք չեն, այս դատական քննության ընթացքում դրանց մասին բարձրաձայնելը տպավորություն ստեղծելու համար է, թե տեսեք՝ ինչ է տեղի ունեցել: Եթե կան այդպիսի տեղեկություններ ես, համենայն դեպս, որպես մեղադրող կողմ տեղյակ չեմ»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ  Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքը վերացնելու միջնորդությունը առարկայազուրկ է և դատարանը չի կարող վերացնել այն ինչը սույն քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի կողմից չի կիրառվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել