Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում մեկ այլ գործով դատապարտված Երեմ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արգելանքի տակ գտնվող և իրեն վստահված «ֆոլկսվագեն տուարգ» մակնիշի ավտոմեքենան թաքցրել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներից:
Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ Ա. Հակոբյանի կողմից:
Երեմ Մ.-ին մեղադրանքը է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար: Համաձայն հիշյալ հոդվածի`
1. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, ում այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաև վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) բանկային գործառնություններ իրականացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Դատարանի դատավճռով բռնագրավման ենթակա գույքը թաքցնելը կամ յուրացնելը, ինչպես նաև գույքի բռնագրավման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից այլ ձևով խուսափելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net