Ինչի՞ հիման վրա են գրանցվում երեխայի ծնողների մասին տեղեկությունները

Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են բժշկական կազմակերպության կողմից տրված ծննդյան մասին փաստաթղթի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի հիման վրա:

 

Եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են, ամուսնությունը դատական կարգով ճանաչվել է անվավեր, կամ եթե ամուսինը մահացել է, բայց ամուսնալուծության, ամուսնության անվավեր ճանաչման կամ ամուսնու մահվան օրվանից մինչև երեխայի ծննդի օրը անցել է ոչ ավելի, քան երեք հարյուր օր, ապա ծննդի ակտի գրառման մեջ երեխայի մոր մասին տեղեկությունները լրացվում են ծննդյան մասին փաստաթղթի հիման վրա, հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի կամ ամուսնության պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթի, ինչպես նաև ամուսնությունը դադարելու ժամանակը հաստատող փաստաթղթի հիման վրա:

 

Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ մոր մասին տեղեկությունները լրացվում ծննդյան մասին փաստաթղթերի հիման վրա: Այդ դեպքերում երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝

 

ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա, եթե հայրությունը ճանաչվում և գրանցվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ.

 

բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը՝ մոր ցուցումով: Երեխայի հոր մասին լրացված տեղեկությունները չեն կարող արգելք հանդիսանալ հայրության որոշման հարցի լուծման համար: Մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:

 

Ամուսնության մեջ գտնվող անձինք, ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի պետական գրանցման գրքում գրանցվում են որպես ծնողներ (ծնող)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի հիման վրա։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել