Մի թե՞ հանցանք է տոկոսով գումար տալը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սամսոն Ղ.-ին դեմ հարուցված քրեական գործը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, Մեխակ Գ.-ին տվել է 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսեկան 3.5 տոկոս, ապա 5 տոկոս, այնուհետև 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար:

 

Գործով մեղադրյալ Սամսոն Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջող ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Դատարանում մեղադրանք պաշտպանությունն իրականացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից:

 

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի`

 

1. Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

2. Նույն արարքը՝

1) որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ,

 

2) որը կատարվել է որպես արհեստ,

 

3) որը կատարվել է տուժողի անչափահաս լինելը կամ մտավոր զարգացման թերություններն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից 600-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել