«Նոր Դալմայի» ջրագծի խողովակների ոդիսականը

Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ է Էդիկ Մանուկյանն իր անձնական պարտքերը մարելու համար, որոշել Է գողանալ Կոտայքի մարզի Զովունի գյուղի դաշտերով անցնող «Նոր Դալմայի» ջրանցքի ջրագծի խողովակները: Նշված ջրագծի խողովակները գողանալու դիտավորությամբ, 2011թ. ապրիլ ամսվա կեսերից մինչև 15.06.2011թ.-ը «Նոր Դալմա» ջրագծի մետաղական խողովակների ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար, պայմանավորվածություններ Է ձեռք բերել տրակտորների սեփականատերեր Պ.Սարգսյանի և Վ.Հայկյանի հետ` խողովակների հողային շերտը մաքրելու վերաբերյալ, վերջիններիս հավաստիացնելով, որ իրականացվող աշխատանքներն օրինական են: Վերջիններս հավատալով Մանուկյանի խոսքերին` մաքրել են շուրջ 300 գծամետր երկարության ջրագծի խողովակների հողային շերտը:

 

Այնուհետև, խողովակները կտրելու համար պայմանավորվածություն Է ձեռք բերել զոդող Ն.Սևոյանի հետ և նրան նույնպես հավատացնելով, որ իրականացվող աշխատանքներն օրինական են, նշված ժամանակահատվածում կտրել են ջրագծի 29 հատ խողովակները` յուրաքանչյուրը շուրջ 11 մետր երկարությամբ: Աշխատանքներն իրականացնելու ընթացքում, Է.Մանուկյանը, խողովակները վաճառելու նպատակով, դիմել Է Գ.Ղազարյանին, ում հայտնել Է, որ աճուրդով ձեռք Է բերել Կոտայքի մարզի Զովունի գյուղի տարածքով անցնող ջրագիծը և գնորդ լինելու դեպքում նրանց կարող Է վաճառել 800-1020 մմ տրամաչափի խողովակներ: Գ.Ղազարյանի միջոցով ծանոթանալով նաև Աշոտ Ափունցի հետ, նրանց հավատացրել է, որ վաճառվող խողովակներն օրինական են և 7500 ԱՄՆ դոլարով Ա.Ափունցին է վաճառել 5 հատ 1020 մմ տրամաչափի խողովակներ ու խոստացել առաջիկա 1-2 օրվա ընթացքում տալ դրանց փաստաթղթերը: Դրանից հետո, Գ.Ղազարյանի միջոցով ծանոթացել է նաև Գ.Զաքարյանի հետ, նրան նույնպես հավաստիացրել, որ աճուրդով է շահել ջրագիծն ապամոնտաժելու իրավունքը և խոստանալով տրամադրել խողովակների փաստաթղթերը դրանք քանդելուց հետո, վերջինիս է վաճառել 9 հատ 1020 մմ տրամաչափի խողովակ` յուրաքանչյուրը 900 ԱՄՆ դոլարով և 5 հատ 800 մմ տրամաչափի խողովակ՝ 1 մետրը 15000 ՀՀ դրամով: Այդ ընթացքում, է.Մանուկյանը, թվով 3 հատ 1020 մմ տրամաչափի խողովակներ` 1500 ԱՄՆ դոլարով վաճառել է իր ծանոթ, ԻԻՀ քաղաքացի Գուդրաթալլահ Ջավադի Ալամդառիին, կազմել հաշիվ ապրանքագիր և հին անձնագրի հետ միասին` որպես երաշխիք տվել է նրան, իսկ 3 հատ 800 մմ տրամաչափի խողովակներ՝ 440.000 ՀՀ դրամով վաճառել է իր վաղեմի ծանոթ, Մասիս քաղաքի բնակիչ Գ.Զախարյանին` վերջինիս նույնպես հավաստիացնելով, որ խողովակներն իր սեփականությունն են:

 

Խողովակների տեղափոխման աշխատանքներն իրականացնելու նպատակով, ամբաստանյալը պայմանավորվածություններ է ձեռք բերել կռունկավարների և բեռնատարների վարորդների հետ, որոնց նույնպես հայտնելով, որ խողովակների տեղափոխման աշխատանքներն օրինական են և ցույց տալով գործով չպարզված ինչ-որ փաստաթղթեր` իրականացրել է դրանց տեղափոխումը ևս: Ապամոնտաժման աշխատանքները և խողովակների տեղափոխումն իրականացնող անձանց մոտ իր կողմից կատարվող հանցանքը թաքցնելու նպատակով, վերջիններիս հավատացրել է, որ խողովակների ապամոնտաժման ու տեղափոխման մասին տեղյակ են ինչպես Կոտայքի մարզի Քասախ, այնպես էլ Զովունի համայնքների ղեկավարները:

 

Բացի վաճառված թվով 25 հատ, ընդհանուրը 288 գ/մ երկարությամբ 800-1020 մմ տրամաչափի խողովակներից, է.Մանուկյանի հանձնարարությամբ ապամոնտաժվել է 77 գծամետր խողովակաշար, որից 48 գ/մ-ը եղել է 1020 մմ տրամաչափի, իսկ 29 գ/մ-ը` 1020մմ տրամաչափի, որոնք սակայն նա չի հասցրել վաճառել:

 

Փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 13.07.2011թ-ին հարուցվել է քրեական գործ:

 

04.08.2011թ.-ին Էդիկ Մանուկյանը ձերբակալվել է, 05.08.2011թ.-ին որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, իսկ 07.08.2011թ.-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

2012թ. նոյեմբերի 28-ին, Եղվարդի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճռով՝ դատարանը Էդիկ Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: Իսկ ՀՀ ՏԿՆ ջրային պետական կոմիտեի ներկայացուցիչ Ա.Պետրոսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի. Դատարանը վճռել է Էդիկ Մանուկյանից հօգուտ «ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ-ի բռնագանձել 494.910 (չորս հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր տասը) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում: Քաղաքացիական հայցը մնացած մասով թողնվել է առանց քննության` հայցվորին պարզաբանելով այն քաղաքացիական դատավարության կարգով ներկայացնելու նրա իրավունքը:

 

2012 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն վերաքննիչ բողոք է բերել, որով խնդրել է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Էդիկ Համայակի Մանուկյանի վերաբերյալ 28.11.2012թ. դատավճիռը` քաղաքացիական հայցի մասով և քաղաքացիական հայցն ամբողջությամբ բավարարել:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել