Ի ՞նչ է կտակային հանձնարարությունը և ի՞նչ կարող է այն ներառել

Կտակարարն իրավունք ունի ըստ կտակի մեկ կամ մի քանի ժառանգների հանձնարարել ժառանգության հաշվին կատարելու որևէ պարտավորություն (կտակային հանձնարարություն) հօգուտ մեկ կամ մի քանի անձանց (շահառուների), որոնք իրավունք ունեն պահանջել կատարելու այդ պարտավորությունը:

 

Կտակարարը կարող է նման պարտականություն դնել կտակակատարի վրա` գույքի մի մասն առանձնացնելով կտակային հանձնարարության կատարման համար:

 

Շահառուի (պարտատիրոջ) և ժառանգի, որի ժառանգական իրավունքը ծանրաբեռնված է կտակային հանձնարարությամբ (պարտապանի), միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան չի բխում օրենքի կանոններից կամ կտակային հանձնարարության էությունից:

 

Կտակային հանձնարարությունը պետք է սահմանվի կտակում:

 

Շահառուներ կարող են լինել ինչպես ըստ օրենքի ժառանգները, այնպես էլ այլ անձինք: Շահառուի իրավունքն անօտարելի է և չի անցնում այլ անձանց: Կտակում կարող է շահառուին նշանակվել ենթաշահառու:

 

Կտակային հանձնարարության առարկա կարող է լինել ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը սեփականության կամ օգտագործման իրավունքով շահառուին հանձնելը, ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքային իրավունքը նրան փոխանցելը, այլ գույք ձեռք բերելն ու նրան հանձնելը, նրա համար որոշակի աշխատանքներ կատարելը կամ նրան որոշակի ծառայություններ մատուցելը:

 

Կտակային հանձնարարության առարկա կարող է լինել նաև կտակարարին պատկանող կենդանիները պահելը և խնամելը:

 

Կտակարարն իրավունք ունի այն ժառանգի վրա, որին անցնում է բնակելի տունը (բնակարանը), պարտավորություն դնել, որպեսզի նա տունը կամ դրա որոշակի մասը տրամադրի այլ անձի (անձանց)` ցմահ օգտագործման: Բնակելի տան (բնակարանի) նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելու դեպքում դրա նկատմամբ ցմահ օգտագործման իրավունքը պահպանում է իր ուժը:

 

Բնակելի տան (բնակարանի) ցմահ օգտագործման իրավունքն անօտարելի ու անփոխանցելի է և չի անցնում շահառուի ժառանգներին:

 

Շահառուին տրամադրված բնակելի տան ցմահ օգտագործման իրավունքը հիմք չէ այդ տանը նրա ընտանիքի անդամների բնակության համար, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել