Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ընդհանուր հիմունքներով ինքնուրույն պատասխանատվություն են կրում իրենց պատճառած վնասի համար:
Այն դեպքում, երբ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը վնասը հատուցելու համար չունի բավարար եկամուտներ կամ այլ գույք, վնասը լրիվ կամ պակասող մասով պետք է հատուցեն նրա ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուն, եթե չեն ապացուցում, որ վնասն իրենց մեղքով չի պատճառվել:
Եթե հոգաբարձության կարիք ունեցող տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը գտնվում է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա հոգաբարձուն է, այդ հաստատությունը պարտավոր է հատուցել նրա պատճառած վնասը լրիվ կամ չբավարարող մասով, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասը հատուցելու` ծնողների, որդեգրողների, հոգաբարձուի և համապատասխան հաստատության պարտականությունը դադարում է վնաս պատճառողի չափահաս տարիքի դառնալով կամ այն դեպքերում, երբ մինչև չափահաս դառնալը նա ձեռք է բերել եկամուտներ կամ այլ գույք, որը բավարար է վնասը հատուցելու համար, կամ նա գործունակություն ձեռք է բերել մինչև չափահաս տարիքի հասնելը:
Աղբյուրը` Իրավաբան.net