Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Նշված երաշխավորագրերի հիման վրա հսկող դատախազին միջնորդություն ենք ներկայացրել Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու և Արսեն Բաբայանին ազատ արձակելու մասին»:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:
Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: