Տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Այս առումով պետք է իմանալ, որ օրենքով նախատեսված դեպքերում այս կամ այն տեղեկատվությունը ստանալու համար անձը պարտավոր է վճարել պետական տուրք:
ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` վերը նշված տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.
1) բանավոր հարցումներին պատասխանելիս.
2) մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.
3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.
4) Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս:
5) նույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.
6) տեղեկության տրամադրումը մերժելիս:
Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը:
Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունն ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:
Աղբյուրը` Իրավաբան.net