Կառավարությունն այսօրվա` հունվարի 24-ի նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Նա այդ օրինագծերով առաջարկում էր նշված հուշարձանները տեղափոխելու կամ դրանք փոփոխելու ժամանակ հասարակական կարծիքը հաշվի առնելու մեխանիզմ, ինչի վերաբերյալ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։
Գործադիրը նպատակահարմար չի համարել նաև նույն պատգամավորի մեկ այլ օրենսդրական նախաձեռնության` «Տեղական ինքնակառավարման մասին» և «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը. հեղինակի կարծիքով` իր առաջարկությունն ընդունելու դեպքում կսահմանափակվի նույն անձի` համայնքի ղեկավարի պաշտոնում երկու անգամից ավելի անընդմեջ առաջադրվելու հնարավորությունը։
Աղբյուրը` Իրավաբան.net