Լրագրողները, ինչպես նաև անձինք, ովքեր իրականացնում են լրատվական գործունեություն, շատ հաճախ ունենում են տեղեկատվության աղբյուրներ, որտեղից էլ օպերատիվ կերպով տեղեկանում են այս կամ այն իրադարձության մասին:
Նշված աղբյուրներն էլ, հասկանալի պատճառներով, միշտ չէ, որ ցանկանում են բացահայտվել:
Այս առումով ՀՀ օրենսդրությամբ իրավացիորեն սահմանված է, որ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ օրենքով նախատեսված հետևյալ դեպքերի:
Մասնավորապես, տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:
Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ:
Աղբյուրը` Իրավաբան.net