Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանի նախագահությամբ քննության է առնվում Գագիկ Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Գագիկ Ղ.-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1993 թվականի հուլիսի վերջերին հանցավոր համաձայնության գալով Անիի շրջանի Մարալիկ ավանի բնակիչ Արամայիս Կ.-ի հետ, Մղարթ գյուղի «Քոռ աղբյուր» կոչվող հանդամասից գողացել են Մղարթ գյուղի բնակիչներ Ամրաստան Մ.-ի և Կամո Դ.-ի սեփական երկու գլուխ ձիերը 500 հազար դրամ արժեքով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Գագիկ Ղ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Թումայանի նախկին ժող. դատարան 06.04.1994 թվականին:
Դատավոր Ռ. Նիազյանի կողմից 13.04.1994 թ-ին կայացվել է որոշում Գագիկ Աշոտի Ղուկասյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ մասով դատի տալու մասին:
Քրեական գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալ Գագիկ Ղ.-ը դատական նիստերին չի ներկայացել, որի պատճառով դատարանի 18.05.1994 թվականի որոշմամբ փոխվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը և ընտրվել կալանք, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և քրեական գործի վարույթը կասեցվել:
Քրեական գործը կասեցված վիճակում հանձնվել է դատավոր Ս. Բաղդասարյանին 06.12.2000 թվականին և նույն օրը այն ընդունվել է վարույթ: Ոստիկանության Թումանյանի բաժնի պետի միջնորդության հիման վրա Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 30.08.2005 թվականի որոշմամբ ամբաստանյալ Գագիկ Ղ.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու և խափանման միջոցը կալանք կիրառելու մասին որոշումները համապատասխանեցվել են 01.08.2004 թվականից գործող ՀՀ նոր քրեական օրենսգրքին:
Համաձայն դատարանի վերը նշված որոշման Գագիկ Ղ.-ին առաջադրված մեղադրանքը համապատասխանեցվել է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասին:
ՀՀ ոստիկանության Անիի բաժնի պետից 09.01.2013 թ-ին ստացվել է գրություն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով հետախուզման մեջ գտնվող Գագիկ Ղ.-ի 2013 հունվարի 08-ին հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանության Անիի բաժին:
Միաժամանակ դատարանում ստացվել է նաև ամբաստանյալ Գագիկ Ղ.-ի դիմումը այն մասին, որ ինքը ներկայացել է կամովին, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին, հետախուզման մեջ գտնվելու ընթացքում այլ հանցագործություններ չի կատարել, իսկ առաջադրված մեղադրանքով անցել են քրեական հետապնդման վաղեմության ժամկետները, սակայն ինքը գտնվում է կալանքի տակ: Խնդրում է լուծել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հարցը և կարճել գործի վարույթը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալ Գագիկ Ղ.-ը հայտնաբերվել է, որի հետևանքով վերացել է քրեական գործի կասեցման հիմք ծառայած հանգամանքը, դատարանը գտնել է, որ գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել դատական նիստի օր ամբաստանյալ Գագիկ Ղ.-ի դիմումը քննարկելու և գործի ընթացքը լուծելու համար:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net