Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում (դեռևս օրակարգում չի ընդգրկվել) «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):
Նախագծով նախատեսվում է կարգավորել Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների կառուցապատման և տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև նրանց գործունեության հետ կապված այլ հարաբերություններ, ուղղված է փոքր ու միջին առևտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը:
Նախագծով սահմանվում է, թե որոնք են խոշոր առևտրային օբյեկտները.
1) հիպերմարկետ – մանրածախ առևտրի օբյեկտ, որն իրականացնում է սննդամթերքի և (կամ) ոչ պարենային բազմատեսակ ապրանքների առուվաճառք` առավելապես ինքնասպասարկման եղանակով` 3000 և ավելի ք/մ առևտրային մակերեսով,
2) սուպերմարկետ (ունիվերսամ) – մանրածախ առևտրի օբյեկտ, որն իրականացնում է սննդամթերքի և (կամ) բարձր պահանջարկի ոչ պարենային բազմատեսակ ապրանքների առուվաճառք` առավելապես ինքնասպասարկման եղանակով` 300 և ավելի ք/մ առևտրային մակերեսով,
3) խանութ-պահեստ – մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտ, որն իրականացնում է սննդամթերքի և (կամ) ոչ պարենային բազմատեսակ ապրանքների վաճառք` առավելապես արկղերով և փաթեթավորման այլ եղանակներով, ինչպես բնակչությանը, այնպես էլ կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին` հետագա վերավաճառքի կամ փոքր արտադրություններում օգտագործելու, բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով` 500 և ավելի ք/մ առևտրային մակերեսով:
Օրենքի նախագծի իմաստով փոքր և միջին առևտրային օբյեկտներ են համարվում մասնագիտացված և ոչ մասնագիտացված սննդամթերքի ու ոչ պարենային ապրանքների, խառը տեսականի ունեցող խանութները և տաղավարները` 7 և ավելի ք/մ առևտրային մակերեսով:
Նախագծով խոշոր առևտրային օբյեկտներին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1. Քաղաքային մակարդակի խոշոր առևտրային օբյեկտները (15-60 րոպե տևողությամբ տրանսպորտահետիոտնային հասանելիության սպասարկման տրամագծով) ապահովում են բնակչության պարբերական պահանջարկի բավարարումը առաջնահերթ ապրանքներով և տեղակայվում են Երևան քաղաքի հիմնական տրանսպորտային ուղիներին ու տրանսպորտային փոխադրման հանգույցներին հարող տարածքներում:
2. Քաղաքային հողերի սղության պատճառով, խոշոր առևտրային օբյեկտների նոր շինարարությունը կարող է իրականացվել` հաշվի առնելով քաղաքային տարածքների արդյունավետ օգտագործումը, մասնավորապես վերգետնյա և ստորգետնյա տարածքների յուրացմամբ, անօգտագործելի արտադրական գոտիների տարածքների վերակազմակերպմամբ, արտադրական մակերեսները առևտրային գործառույթներ ունեցող օբյեկտների վերակազմավորմամբ:
3. Խոշոր առևտրային օբյեկտները գլխավորապես տեղակայվում են առևտրային ցանցերով առավել ցածր ապահովվածության ցուցանիշներ ունեցող վարչական շրջաններում:
4. Խոշոր առևտրային օբյեկտների չափաբաժինը Երևան քաղաքի առևտրային ցանցերի համակարգում` ըստ վարչական շրջանների, չի կարող գերազանցել 30-40%-ը` դրանց մակերեսների առնվազն 10-20%-ը առևտրային փոքր օբյեկտներին վարձակալության տրամադրելու պայմանով:
Աղբյուրը` Իրավաբան.net