Ո՞րն էր պատճառը «Ոսկու աշխարհ» ոսկու շուկայի մոտ ծագած վիճաբանության

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է Վազգեն Մարկոսյանի դեմ հարցուցված քրեական գործը:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի օգոստոսի 18-ին` ժամը 02-ի սահմաններում, իր ընկերներ Վ. Սիրեկանյանի, Ա. Սիրեկանյանի, Լ. Բալագյոզյանի և Ռ. Սրապյանի հետ վերջինիս պատկանող Վազ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով գնացել է Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» ոսկու շուկայի մոտ, որտեղ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճելի հարցեր պարզաբանելու առիթով վիճաբանել է ոսկու շուկայի անվտանգության աշխատակիցներ Տ. Սիրեկանյանի, Ռ. Հովսեփյանի և Դ. Մարգարյանի հետ, որի ընթացքում կոտրված ապակիով հարվածել է Ռ. Հովսեփյանին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել որովայնի առաջնային պատի կտրած–ծակած թափանցող վերքի, ուղեկցված մեծ ճարպոնի վնասման ձևով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։

 

Գործով իրեղեն ապացույց է համարվում շապիկը` փաթեթավորված և կնքված ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ծրարների համար կնիքի դրոշմով, իսկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել