Ն. Աբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 26.05.2012թ.` ժամը 15:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ X տան մոտ տեսնելով Վ. Մինասարյանին պատկանող «Պեժո 307» մակնիշի ավտոմեքենան և մտածելով, որ այն պատկանում է իր հետ անհաշտ հարաբերությունների մեջ գտնվող, Հրազդան քաղաքի բնակիչ Հ. Ղազարյանին՝ դիտավորությամբ, գործով չպարզված առարկայով կոտրելու միջոցով ոչնչացրել է ավտոմեքենայի առջևի, հետևի հողմապակիները, աջ կողային դռների շարժական ապակիները` Վ. Մինասարյանին պատճառելով զգալի չափի՝ 140.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Ն. Աբելյանը 2012թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 01.00-ից մինչև ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, իր անձնական օգտագործման «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով պարբերաբար գնացել է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող իր նախկին կնոջ՝ Կ. Խաչատրյանի տան բակ, տվել ձայնային ազդանշան: Նախկին կնոջ՝ Կ.Խաչատրյանի հետ ունեցած ընտանեկան անհաշտություններից ելնելով` վերջինիս և նրա ընտանիքի անդամների հասցեին շարունակաբար տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սաստկաբար սպառնացել, որ միևնույն է նրանց ընտանիքի անդամներին վնասելու է, հանգիստ չի թողնելու` դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ:
Ն. Աբելյանը կալանավորված է, քրեական գործը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում(նստավայրը` Աբովյան քաղաք):
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net