Հաճարենին` հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ է։ Այն ստվերադիմացկուն է, խոնավասեր, ջերմասեր, զգայուն հողի խոնավության նկատմամբ։ Առաջացնում է մաքուր և խառն անտառներ և ապրում է 350-400 տարի։ Ունի ամուր, ծանր, լավ հղկվող բնափայտ, որն օգտագործվում է երաժշտական գործիքներ, ճկված կահույք, մանրատախտակ պատրաստելու համար։ ՀՀ-ում աճում է 1 տեսակ՝ արևելյան Հաճարենի, որը մինչև 50 մ բարձրությամբ հզոր սաղարթով ծառ է։ Տերևները պարզ են, ձվաձև, կեղևը՝ հարթ։ Պտուղը կաղին է։ Այն տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Հյուսիսային գոտում հիմնական ծառատեսակ է, հարավում՝ սահմանափակ, հանդիպում է Սրաշեն գյուղում (Սյունիքի մարզ), Աղվերանի անտառներում։
Նախկինում չդատված Գևորգ Օթարյանը Տավուշի մարզում է ապօրինի հատել թվով 23 հատ հաճարենի և 1 հատ թխկենի տեսակների ծառեր, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի 2.568.000 դրամի նյութական վնաս:
Հարուցվել է քրեական գործ, որը քննության է առնվում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Գործով մեղադրող կողմ է հանդես գալիս Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Վրեժ Առաքելյանը:
Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net