Քաղաքացի Ա. Ա.-ն 1998թ.-ից հանդիսացել է 2-րդ խմբի հաշմանդամ և մինչև 2006թ. ներառյալ ամեն տարի ենթարկվել է վերափորձաքննության, որոնց արդյունքում հաստատվել է նրա՝ 2-րդ խմբի հաշմանդամության հանգամանքը: 2006թ. հաշվի առնելով օրենքի պահանջը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ բացակայում են առողջական վիճակի բարելավման հեռանկարները, Ա. Ա.-ին շնորհվել է հաշմանդամության անժամկետ 2-րդ խումբ: 2011թ. Ա.Ա.-ին անօրինական կերպով կանչել են վերափորձաքննության և առանց բավարար զննության և պատշաճ հիմքերի` փոփոխել են Ա.Ա.-ի հաշմանադամության անժամկետ 2-րդ խումբը անժամկետ 3-րդ խմբով:
Քաղաքացին ճարահատյալ դիմել է նախկին Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ներկայիս` Հակակոռուպցիոն կենտրոն)՝ իր խախտված իրավունքները պաշտպանելու համար:
Կենտրոնի կողմից քաղաքացու շահերի համակողմանի պաշտպանությունն իրականացնելու համար որպես փաստաբան ներգրավվել է Կարեն Հովհաննիսյանը, ով ինչպես ՀՀ վարչական դատարանում, այնպես էլ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում հիմնավորել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարարության ԲՍՓ գործակալության կողմից ցուցաբերված կամայականությունները և դատական կարգով վերականգնել է հաշմանդամության անժամկետ 2-րդ խումբը:
Պարտվելով ՀՀ վարչական և ՀՀ վերաքննիչ վարչական դատարաններում` ԲՍՓ գործակալությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ վճռաբեկ բողոք բերելու կապակցությամբ: ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախապատրաստվել և ներկայացվել է վճռաբեկ բողոք, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վարույթ չի ընդունվել և վերադարձվել է, այսինքն անփոփոխ են մնացել ստորադաս դատարանների կայացված դատական ակտերը, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Արդյունքում ներկա դրությամբ արդեն իսկ վերականգնված է քաղաքացու հաշմանդամության անժամկետ երկրորդ խումբը և կանխված է պետական մարմնի կողմից ցուցաբերված հերթական կամայականությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net