Քրեական օրենսդրությունը ճկուն է նաև արդեն կայացված և ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում անձին պատժի կրումից ազատելու հնարավորություն նախատեսելու առումով: Այս ինստիտուտի էությունն այն է, որ այլ հանցանք չկատարելու դեպքում տարիներ հետո անձի հանրային վտանգավորությունը նվազում է, և վերանում է նրա պատժի կրման անհրաժեշտությունը:
Եվ այսպես` հանցագործության համար դատապարտված անձն ազատվում է պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել հետևյալ ժամկետներում.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
3) տասը տարի՝ ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում:
Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր դիտավորյալ հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է նոր հանցանքի կատարման օրվանից:
Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է պատիժը կրելուց: Այդ դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ նրա՝ մեղայականով ներկայանալու պահից: Ընդ որում, մեղադրական դատավճիռը չի կարող ի կատար ածվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից՝ քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:
Ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառելու հարցը լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետների կիրառումը, ապա ցմահ ազատազրկումը փոխարինվում է որոշակի ժամկետով ազատազրկմամբ:
Վաղեմության ժամկետները չեն կիրառվում խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net