Ազգային ժողովի աշխատակազմը առաջին նստաշրջանի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերը՝ կից տեղեկանքում նշելով դրանց հեղինակներին և գլխադասային հանձնաժողովները:
Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ օրենքների նախագծերը չորսօրյա ժամկետում ուղարկում է Կառավարություն և համապատասխան գործունեության ոլորտի մշտական հանձնաժողովներ (Ազգային ժողովի): Հանձնաժողովները և Կառավարությունը 30-օրյա ժամկետում քննարկում և Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց եզրակացությունները՝ վերոհիշյալ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:
Աշխատակազմը, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, եզրակացությունների ստացման պահից 7-օրյա ժամկետում ապահովում է դրանց և համապատասխան օրենքների նախագծերի տրամադրումը պատգամավորներին:
Եթե օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է կամ նոր գումարման Ազգային ժողովում վերընտրված պատգամավոր, ապա հեղինակի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո 60-օրյա ժամկետում ներկայացվելու դեպքում տվյալ օրենքի նախագիծը ընդհանուր կարգով ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում՝ հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:
Եթե օրենքի նախագծի հեղինակը եղել է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ապա նորընտիր որևէ պատգամավորի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո 60-օրյա ժամկետում որպես հեղինակ հանդես գալու ցանկության դեպքում տվյալ օրենքի նախագիծը, նույնպես ընդհանուր կարգով, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում՝ հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:
Նախորդ գումարման Ազգային ժողովում ընդունված և Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը նորընտիր Ազգային ժողովում քննարկվում է այդպիսի նախագծերի համար սահմանված կարգով՝ Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված գլխադասային հանձնաժողովի ներկայացմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net