Հանգուցյալների անվամբ ելքագրել և յուրացրել են կենսաթոշակի գումարներ

Կարեն Եղիազարյանին, Ռոբերտ Հակոբյանին, Վոլոդիա Բախշինյանին և Աշոտ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության պետի 2002թ. հունվարի 3-ի թիվ 11-Կ, ապրիլի 1-ի թիվ 58-Կ, սեպտեմբերի 30-ի թիվ 115-Կ և ապրիլի 7-ի թիվ 41-Կ հրամաններով մինչև 2010թ. դեկտեմբերն աշխատելով նույն ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանումում որպես վճարող-տեսուչներ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք և օժտված լինելով կենսաթոշակների վճարման լիազորություններով, իրենց վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու դիտավորությամբ , տեղեկանալով կենսաթոշակառուների` ՀՀ-ից բացակայելու կամ մահվան մասին, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ մահվան փաստը սոց. ապահովության տարածքային բաժնում անհայտ է և հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում, օգտվելով այդ հանգամանքներից` 2005-2010թթ. ընթացքում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելով` նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են`առանձնապես խոշոր չափերի` Կարեն Եղիազարյանը ընդհանուր` 6.556.260 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, Ռոբերտ Հակոբյանը`12.573.981, Վոլոդիա Բախշինյանը` 3.992.831, իսկ Աշոտ Երեմյանը` 5.688.163 ՀՀ դրամ գումարներ:

 

Գործով մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Հ. Ենոքյանի կողմից:

 

Գործով 4 մեղադրյալներից նախկինում դատվածություն է ունեցել Աշոտ Երեմյանը:

 

Մեղադրյալներ Կարեն Եղիազարյանի, Ռոբերտ Հակոբյանի և Աշոտ Երեմյանի նկատմամ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Վոլոդիա Բախշինյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

 

Գործը քննության է առնվում Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում, իսկ գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2013 թվականի հունվարի 21-ին, ժամը՝ 14:00-ին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել