Այս անհեթեթ պատմության գործող անձինք երկուսն են, երկուսն էլ Լոռու մարզի բնակիչներ, երկուսն էլ ՀՀ ՊՆ թիվ 37082 զորամասի պայմանագրային զինծառայողներ:
2012թ-ի հոկտեմբերի 15-ից հավաքների գտնվելով Դիլիջանի ուսումնական կենտրոնում, 27.10.2012թ ժամը 07:00-ից 07:30-ի սահմաններում չնչին առիթով, իրեն ուտելիք չտրամադրելու հարցի շուրջ, 1987թ. ծնված Սամվել Օչինյանը վիճաբանել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող 1981թ. ծնված Գարիկ Մխիթարյանի հետ և տվյալ իրավիճակում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ և փոխադարձ քաշքշուկի և հարվածների ընթացքում, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին և իրար պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ Գուգարքի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում):
Սամվել Օչինյանը և Գարիկ Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործի քննությունը հանձնվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net