Քաղաքացիական գործերով վերաքննության սահմանները

Որպես կանոն վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույցներ ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանում:

 

«Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցը էական նշանակություն ունի գործի լուծման համար»-, այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

 

 

Իրավաբանի փոխանցմամբ` վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

 

 

Վերաքննիչ դատարանն իրավունք չունի քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում որևէ հարցի վերաբերյալ արտահայտված այն դիրքորոշումը, որը չի հայտնվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:

 

 

Բացառություն են կազմում նաև այն դեպքերը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

 

 

Աղբյուը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել