Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել քրեական օրենսգրքում։
Խմբակցությունը առաջարկում է դիակն անարգանքի ենթարկեուը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու համաև սահմանված պատիժը խստացնել։ Գործով կարգով նշված գործողությունները կատարելու համար նախատեսված է տուգանք՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Առաջարկվում է 265-րդ հոդվածի 1-ին մասում՝ որպես պատժատեսակ լրացնել ազատազրկումը, իսկ 2-րդ մասում ներառել միևնույն արարքը կրկին անգամ կատարելու համար նախատեսվող ծանրացուցիչ հանգամանքը։
«2019 թվականի օգոստոսի 1-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ օրենքի վերոնշյալ հոդվածում ամրագրված արարքը կրկին անգամ կատարելու համար նախատեսված չէ համապատասխան պատիժ և նշված փոփոխությունը նպատակ է հետապնդում օրենքի բացը լրացնելու։ Պատժաչափը և պատժի տեսակը խստացնելու անհրաժեշտությունը բխում է այն փաստից, որ հոդվածում նշվող գերեզմաններ եզրույթը, որը բացառապես նշանակում է մեկից ավելի գերեզման, վերաբերում է ողջ գերեզմանատանը, ինչպես տեղի ունեցավ 2019թ. օգոստոսի 1-ի իրադարձությունների դեպքում: Վերոնշյալ դեպքում ոչ միայն նյութական,այլեւ բարոյական վնասներն անհամատեղելի են և ոչ համարժեք»,-նշված է նածագծի հիմնավոման մեջ:
Հեղինակները նշում են, որ օրենքի փոփոխության համար հիմք է հանդիսացել նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը, մասնավորապես՝ Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մոլդովայի, ԱՄՆ-ի օրենսդրության համապատասխան դրույթների ուսումնասիրությունը եւ դրանց մեկնաբանությունները, որտեղ կալանքի նվազագույն ժամկետ սահմանվում է 3 ամիսը, իսկ ազատազրկումը` որպես պատիժ ավելի խիստ է (Ուկրաինա, Մոլդովա) քան Հայաստանի Հանրապետությունում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եռաբլուրը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոն, ազգային գերեզմանատունն է, որտեղ ամփոփվել են Արցախյան ազատամարտում եւ 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների աճյունները, վերջինս հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում ձեռք բերված հաղթանակների հուշահամալիր-կոթողն է, ինչպես նաեւ այդ հաղթանակների ձեռք բերման համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակը հավերժացնող ուխտատեղին` այս ամենը ոտնահարող գործողությունները, առավել եւս կրկին անգամ կատարված, պարտադիր կերպով եւ պայմանավորված հասարակության պահանջով պետք է ամրագրվեն ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան պատժատեսակներով եւ պատժի չափով»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ: