Երբ դատարանը կամ դատախազը դիմում է ՍԴ` նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցը որոշելու համար

Նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով սահմանադրական դատարան դիմում են դատարանները, ինչպես նաև գլխավոր դատախազը, եթե գտնում են, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված որևէ իրավական ակտի, որն ունի նորմատիվ բնույթ, դրույթը կամ դրույթները, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով, հակասում են Սահմանադրությանը:

 

Դատարանները սահմանադրական դատարան դիմելուց առաջ պարտավոր են, իսկ գլխավոր դատախազը կարող է կասեցնել կոնկրետ գործի վարույթը մինչև սահմանադրական դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:

 

Դատարանները կարող են դիմել սահմանադրական դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, իսկ գլխավոր դատախազը` տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո` մինչև այն օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ուղարկելը:

 

Դատարանները և գլխավոր դատախազը վարույթը կասեցնելու դեպքում օրենքով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարան դիմելը ձևակերպվում է համապատասխան դատարանի կամ գլխավոր դատախազի որոշմամբ:

 

Դիմումներում դատարանը և գլխավոր դատախազը պետք է հիմնավորեն իրենց դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:

 

Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո:

 

Նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, իսկ օրենքների վիճարկման դեպքում որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:

 

Նշենք, որ նշված գործերով դատաքննությունն իրականացվում է միայն գրավոր ընթացակարգով: Կողմերը մինչև գործի դատաքննությունն սկսվելը սահմանադրական դատարան են ներկայացնում իրենց դիրքորոշումն արտահայտող գրավոր բացատրություններ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել