Ի՞նչպես հաշվարկել ժամկետները քաղաքացիական իրավահարաբերություններում

Քաղաքացիական իրավունքների ծագման, փոփոխման և դադարման համար շատ մեծ նշանակություն ունի ժամկետների ճիշտ հաշվարկը:

 

Օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով: Ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշմամբ, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:

 

Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը: Օրինակ, եթե պայմանագիրը կնքվում և ուժի մեջ է մտնում 2013թ. հունվարի 10-ին՝ երեք ամիս ժամկետով, ապա ժամկետի սկիզբ է համարվում 2013թ. հունվարի 11-ը:

 

Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

 

Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

 

Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Ընդ որում, եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:

 

Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Այսինքն, վերը նշված օրինակում ժամկետի ավարտ կհամարվի 2013թ. ապրիլի 10-ը:

 

Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

 

Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և համարվում է հավասար տասնհինգ օրվա:

 

Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

 

Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

«Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

 

Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները: Օրնակ, եթե կազմակերպությունում, որում պետք է կատարվի համապատասխան գործողությունը, աշխատանքային ժամը սահմնված է մինչև 17.30, ապա գործողությունը կատարելու վերջնաժամկետը լրանում է վերջին օրվա ժամը 17.30-ին»,- Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները համարվում են ժամկետին տրված:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել