Ժամանակակից գլոբալիզացիայի և պետությունների սերտ հարաբերությունների պայմաններում անհրաժեշտ է կարգավորել նաև մի երկրում փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր ստացած անձի գործունեությունը մեկ այլ երկրում` առաջին հերթին ճանաչելով այլ երկրում նրա ստացած արտոնագրի գործողությունը:
Եվ այսպես` այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեությունն իրականացնում է «Փաստաբանության մասին» օրենքով, փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հավատարմագրվի փաստաբանների պալատում: Հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը:
Հավատարմագրի գործողությունը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է դադարեցնել այլ պետության փաստաբանի կողմից «Փաստաբանության մասին» օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտման դեպքում: Հավատարմագրման համար այլ պետության փաստաբանից գանձվում են փաստաբանների պալատի խորհրդի սահմանած չափով վճարներ:
Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ օտարերկրացի փաստաբանի հավատարմագրման մուտքի վճարը սահմանվել է 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ:
Կոնկրետ մեկ գործին մասնակցելու համար օտարերկրացի փաստաբանի հավատարմագրման մուտքի վճարը սահմանվում է 125 000 (հարյուր քսանհինգ հազար) դրամ:
Այն դեպքերում, երբ օտարերկրացի փաստաբանը մտադիր է աշխատել մինչև 3 ամիս, ապա մուտքի վճարը սահմանվում է 75 000 (յոթանասունհինգ հազար) դրամ, մինչև 6 ամիս` 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ, մինչև 9 ամիս` 225 000 (երկուհարյուր քսանհինգ հազար) դրամ:
Վճարումը կատարվում է հավատարմագիրը ստանալուց առաջ: Օտարերկրացի փաստաբանները ազատվում են անդամավճար մուծելուց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանները ազատված են օտարերկրացի փաստաբանի մուտքավճար մուծելուց:
Աղբյուրը` Իրավաբան.net