Չեկով հաշվարկներ կատարելիս չեկով վճարող կարող է լինել միայն այն բանկը, որտեղ չեկ տվողն ունի միջոցներ, և որոնք նա իրավունք ունի տնօրինել չեկ ներկայացնելով:
Մինչև չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը չի թույլատրվում այն հետ կանչել:
Չեկ տալը չի մարում այն դրամական պարտավորությունը, ի կատարումն որի տրված է չեկը:
Վճարային շրջանառության մեջ չեկերը օգտագործելու կարգը և պայմանները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, իսկ դրանով չկարգավորված մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
Չեկը պետք է պարունակի`
1) «չեկ» անվանումը.
2) հանձնարարություն վճարողին` որոշակի դրամական գումար վճարելու մասին.
3) վճարողի անվանումը և այն հաշվի նշումը, որից պետք է կատարվի վճարումը.
4) վճարման արժույթի նշումը.
5) չեկը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի և տեղի նշումը.
6) չեկը դուրս գրող անձի` չեկը տվողի ստորագրությունը:
Փաստաթուղթը, որում բացակայում է նշված վավերապայմաններից որևէ մեկը, չեկ չէ:
Չեկը, որը չի պարունակում նշում այն կազմելու տեղի մասին, համարվում է ստորագրված չեկ տվողի գտնվելու վայրում:
Տոկոսների մասին ցուցումը համարվում է չգրված:
Չեկի ձևը և դրա լրացման կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
Չեկը վճարվում է չեկ տվողի միջոցներից:
Միջոցների դեպոնավորման դեպքում չեկը ծածկելու համար միջոցների դեպոնավորման կարգը և պայմանները սահմանվում են բանկային կանոններով:
Չեկը ենթակա է վճարման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետում այն վճարման ներկայացնելու պայմանով:
Չեկով վճարողը պարտավոր է իրեն մատչելի բոլոր եղանակներով հավաստիանալ չեկի իսկության մեջ, ինչպես նաև այն բանում, որ չեկ ներկայացնողը դրանով լիազորված անձն է:
Փոխանցագրված չեկը վճարելիս վճարողը պարտավոր է ստուգել փոխանցագրերի իսկությունը, սակայն պարտավոր չէ պարզել փոխանցագրողների ստորագրությունների ճշտությունը:
Վճարողի կողմից կեղծ, հափշտակված կամ կորցրած չեկ վճարելու հետևանքով ծագած վնասները կրում է վճարողը կամ չեկ տվողը, կախված այն բանից, թե ում մեղքով են դրանք պատճառվել:
Չեկ վճարած անձն իրավունք ունի պահանջել, որ իրեն տրվի չեկը` վճարն ստանալու մասին ստորագրությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net