Փախստականի կամավոր վերադարձը

Կամավոր վերադարձը ապաստան հայցողի կամ փախստականի վերադարձն է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Միգրացիոն պետական ծառայության աջակցությամբ:

 

Կամավորության սկզբունքը պետք է հարգվի ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող իրավասու բոլոր մարմինների կողմից, և դա նշանակում է, որ ապաստան հայցողը կամ փախստականը`

 

1) տեղեկացված է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իրավիճակի մասին և ի վիճակի է ընդունել իր վերադարձի մասին գիտակցված որոշում.

 

2) մինչև իր ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կամ փախստականի ճանաչման դադարեցումը ազատ ընտրություն է կատարել իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր վերադառնալու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու միջև:

Ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող Հայաստանի Հանրապետության իրավասու բոլոր մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն փախստականի կամ ապաստան հայցողի կամավոր վերադարձին` հիմնվելով ապաստան հայցողի, փախստականի կամ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացրած խնդրանքի վրա:

 

Ապաստան հայցողները և փախստականները կարող են դիմել Միգրացիոն պետական ծառայությանը` նրանց կամավոր վերադարձին աջակցելու և օժանդակելու նպատակով: Այդ դեպքում ապաստան հայցողները ներկայացնում են ապաստանի ընթացակարգը կասեցնելու, իսկ փախստական ճանաչված անձինք` փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին դիմում:

 

Միգրացիոն պետական ծառայությունը կամավոր վերադարձին աջակցելու նպատակով կամավոր վերադարձի համար բոլոր դիմողներին տրամադրում է նրանց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրում առկա իրավիճակի մասին տեղեկատվություն, ինչպես նաև համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպությանհետ:

 

Միգրացիոն պետական ծառայությունը, համագործակցելով Արտաքին գործերի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով աջակցում է կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց` իրենց ծագման կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում:

 

Կամավոր վերադարձի համար դիմողն իրավունք ունի հետ կանչելու իր դիմումը վերադարձի ընթացակարգի ցանկացած պահի: Մինչև Հայաստանի Հանրապետությունից մեկնելը կամավոր վերադարձի համար դիմած անձը շարունակում է օգտվել ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակից բխող իրավունքներից առանց որևէ սահմանափակման:

 

Կամավոր վերադարձի համար դիմած անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց հետո Միգրացիոն պետական ծառայությունը նրա անձնական գործում գրանցում է կամավոր վերադարձի փաստը:

 

Եթե ապաստան հայցողը կամ փախստականը վերը սահմանված կարգով կամավոր վերադարձել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր և հետագայում կրկին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և ապաստան է հայցում, ապա նրա հայցը քննվում է ապաստանի դիմումի կրկնական ներկայացման կարգով սահմանված կարգով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել