Որպես կանոն, փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցում է փաստաբանին, ինչպես նաև փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, այլ տեղեկություններ և ապացույցներ, որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:
Փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբանը, ինչպես նաև փաստաբանների պալատի աշխատողն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե`
· առկա է վստահորդի համաձայնությունը.
· դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում կամ կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար.
· փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն.
Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցվելուց կամ դադարեցվելուց հետո:
Աղբյուրը`Իրավաբան.net