Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) և մեկ քվեարկության ծրար (ծրարներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում):
Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեաթերթիկի (քվեաթերթիկների՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:
Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:
Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարվում է համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկին ամրացվում է քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ, և քվեաթերթիկն անհապաղ մարվում է:
Հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամը քվեաթերթիկների ելունդները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, ըստ հերթականության, դասավորում և հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին: Վերջինս դրանք առանձին կապերով տեղադրում է չհրկիզվող պահարանում:
Տեղամասային կենտրոնում արգելվում է կատարած քվեարկության մասին տեղեկություններ հայտնելը:
Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:
Քվեարկության ընթացքում թեկնածուին արգելվում է գտնվել տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքում, բացառությամբ քվեարկությանը մասնակցելու դեպքի:
Աղբյուրը` Իրավաբան.net