Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքը պատասխանատվություն է նախատեսում տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերն օրենքով նախատեսված տեղում չտեղադրելու, ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո չփոխելու և այլ խախտումների համար:
Այսպես.
Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից կամ Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայից զրկվելուց կամ լիցենզիայի ներդիրի ժամկետի ավարտից հետո չվերադարձնելն առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net