Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Կոտայքի բաժինը վերջերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 7 դեպք է բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները, բաժնի աշխատակիցները Զովունի գյուղում հայտնաբերել են գիշերային ակումբ, որն, ինչպես պարզվել է, գործել է հարկային դաշտից դուրս: Արդեն իսկ պարզել են, որ այն պատկանում է Աբովյանի քաղաքի բնակիչ ոմն Արման Ասլանյանի:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս էլ ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները, Կոտայքի բաժինը պարզել է, որ հարկային դաշտից դուրս` Աբովյանում Սամվել Պողոսյանը, իսկ Եղվարդում Արսեն Մխիթարյանը կոշիկի արտադրությամբ են զբաղվում: Ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում անօրինական գործունեության մի շարք դեպքեր էլ բացահայտվել են նաև սպասարկման և սննդի ոլորտներում: Մասնավորապես պարզվել է, որ Մայակովսկի գյուղի բնակիչ Գեղամ Ավագյանն, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, լավաշի արտադրությամբ է զբաղվում, հարկային դաշտից դուրս էլ Աբովյանում` Արա Մխիթարյանը հանրային սննդի, իսկ Կամարիս գյուղում` Սամվել Գրիգորյանը մանրածախ առևտրի գործունեություն են իրականացնում: Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է, որ Կապուտան գյուղում Մերուժան Սաֆարյանը, չունենալով համապատասխան գրանցում, ցորենի վերամշակման անօրինական աշխատանքներով է զբաղվում:
Ներկայացված բոլոր դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net