Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Ինչպես հայտնում են Կառավարությունից` նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և նորանոր հաջողություններ:
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտի առաջարկությունների փաթեթը, որոնք վերաբերում են մարդատար-տաքսի ավտոմոբիլներով և կանոնավոր ուղևորափոխադրումների, ներպետական բեռնափոխադրումների ենթաոլորտներին:
Պարոն Եղիազարյանը զեկուցել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների լիցենզավորման և գործունեություն ծավալելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու ընթացակարգերի, ներպետական բեռնափոխադրումների համար պետության կողմից սահմանված կարգավորումների ու նախատեսվող թույլտվությունների ընթացակարգերի ուսումնասիրությունների արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ:
Իրավական ակտերի փաթեթը կազմվել է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացներ: