Հանցակիցների տեսակները

ՀՀ քրեական օրենսգրքում թվարկված են այն մասնակիցները, որոնք դիտավորությամբ համատեղ մասնակցում են հանցագործությանը: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի` կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը: Այսինքն, մեր քրեական օրենսդրությունը հանցակիցներին տարբերակում է ըստ նրանց կատարած արարքի օբյեկտիվ կողմի:

 

Հանցագործության կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ: Հանցագործության կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք: Կազմակերպիչը հանցակիցներից ամենավտանգավորն է:

 

Հանցագործության դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու` համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով: Դրդիչը հանցագործության այն մասնակիցն է, ով կատարողի մոտ առաջացնում է հանցանք կատարելու դիտավորություն և վճռականություն:

 

Հանցագործության օժանդակողն այն անձն է, ով հանցագործությանը օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով: Օժանդակող է համարվում նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև երբ նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները: Օժանդակողի դերը հանցագործությունների մեծ մասում ավելի պասիվ է, քան մյուս հանցակիցներինը: Օժանդակությունը կարող է լինել ինտելեկտուալ և ֆիզիկական:

 

Հանցակիցների պատասխանատվության առանձնահատկությունները նախատեսված են ՀՀ քրեական օրենգրքի 39-րդ հոդվածով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել