Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղադրվող Սարգիս Վարդանյանի գործով ապրիլի 23-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է:
Իրավաբան․net-ի հետ զրույցում տուժող ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշել էր, որ դեպքը տեղի ունենալու ժամանակ Սարգիս Վարդանյանը մեքենայի մեջ եղել է մի քանի աղջիկների հետ և ոչ սթափ վիճակում:
Մեզ հետ զրույցում Ռուբեն Բալոյանի հայտարարության վերաբերյալ ամբաստանյալ Սարգիս Վարդանյանի պաշտպան Հակոբ Մարտիրոսյանն արձագանքեց, որ դա որևէ դա որևէ կապ չունի Սարգիս Վարդանյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորման հետ: «Բազմաթիվ այլ իրավական հարցեր կան, որոնց պետք է անդրադառնալ»,-նշեց նա։
Փաստաբան Հակոբ Մարտիրոսյան նշեց նաև, որ պետք է ճշտում կատարել, թե արդյո՞ք Սարգիս Վարդանյանը ունեցել է վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն: Փաստաբանը նշեց, որ կարևոր է նաև պարզել կատարված հեռախոսային խոսակցության գաղտնալսումները օրինակա՞ն են եղել, թե՝ ոչ։
Անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին՝ փաստաբանն ասաց. «Տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ Սարգիս Վարդանյանի վերաբերյալ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, 2-րդ մաս. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը), սակայն նույն գործի վերաբերյալ ոստիկանությունը միջնորդություն է ներկայացրել, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել և պարզել է, որ Սարգիս Վարդանյանը կատարել է դիտավորյալ հանցագործություն, դիտավորյալ հարվածել է ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանի ավտոմեքենային և նրա արարքը համապատասխանում է քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներին (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)»: Նա հավելում է, որ վերոնշյալ հոդվածով մեղադրանք չի առաջադրվել Սարգիս Վարդանյանին:
Փաստաբանի խոսքով, ենթադրվում է, որ Սարգիս Վարդանյանին վերագրված մեղադրանքները օբյեկտիվ չեն եղել, և արվել են նրա բջջային հեռախոսը գաղտնալսելու համար:
Նշենք, որ քանի որ Հակոբ Մարտիրոսյանը քրեական գործով նոր ներգրավված պաշտպան է, նա միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հետազոտել այն նյութերը, որոնք առաջին ատյանի դատարանին հիմք են տվել եզրահանգելու, որ Սարգիս Վարդանյանը կատարել է ծանր հանցագործություն, և որ դիտավորյալ է հարվածել Արեգ Դավթյանի ծառայողական մեքենային։
Միջնորդությունը մերժվել էր։ Փաստաբանը նշում է, որ դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պաշտպանն իրավունք ունի միջնորդելու՝ կրկնել ցանկացած գործողություն, որը դատական քննության ընթացքում կատարվել է նախքան գործին իր ընդգրկվելը, և որի արդյունքում էլ գործի համար էական հանգամանքներ են պարզվել:
«Դատաքննության ընթացքում պազվել է, որ Սարգիս Վարդանյանը չի կատարել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը: Սա էական հանգամանք է»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով`Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում:
60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:
Նշենք, որ գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել Ս.Վարդանյանի հագուստները, միկրոպրեպարատները, բջջային հեռախոսը՝ փաթեթավորված վիճակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լիլիթ Խանոյան