Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ:
Պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը:
Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտային միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի դեպքում ծառայության մատուցման պահ է համարվում թռիչքի պահը:
Պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում, պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով, մնում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործերին կցված:
Աղբյուրը` Իրավաբան.net