Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումները հրապարակվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական որոշումներն ընդունվելուց, իսկ նորմատիվ որոշումները օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց և կենտրոնական ընտրական հանձնաժողովում մուտքագրվելուց հետո` համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նույն օրը, իսկ մյուս ընտրությունների դեպքում մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքն է www.elections.am:
Ընտրությունների կազմակերպման և անցկացման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի, «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի անվտանգությունը, պաշտպանվածությունը և անխափան աշխատանքը ապահովելու, ընտրական հանձնաժողովներին օրենքով վերապահված լիազորությունների պատշաճ իրացման նպատակով վերջիններս ապահովվում են անհրաժեշտ ծրագրատեխնիկական և կապի միջոցներով, սարքավորումներով և գույքով:
Աղբյուրը` Իրավաբան.net