Երևան քաղաքին վերաբերող խնդիրների ուսումնասիրության, փաստերի հավաքման համար օրենքը սահմանել է կարևոր մեխանիզմ, այն է` ժամանակավոր քննող հանձնաժողովի ստեղծման հնարավորություն:
Ավագանու որևէ խմբակցության պահանջով Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով։ Պահանջի հետ ներկայացվում է նաև հանձնաժողովի նախագահի անունը:
Երևանի ավագանու խմբակցությունը քննող հանձնաժողով ստեղծելը կարող է նախաձեռնել օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:
Քննող հանձնաժողովը գործում է մինչև տվյալ փաստը պարզելը, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս:
Քննող հանձնաժողովը բաղկացած է խմբակցությունների մեկական ներկայացուցչից, եթե ավագանին որոշում չի ընդունում այլ հավասար ներկայացուցչության մասին:
Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանների ղեկավարը, Երևանի ենթակայության կազմակերպությունները քննող հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների մեկ հինգերորդի պահանջով պարտավոր են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր:
Քննող հանձնաժողովի նիստերը հրապարակային են, հանձնաժողովի ընդհանուր թվի կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել փակ նիստեր:
Քննող հանձնաժողովի վրա համապատասխանաբար տարածվում են մշտական հանձնաժողովների համար սահմանված դրույթները:
Աղբյուրը` Իրավաբան.net