ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ շրջանում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն:
Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:
Օրենքի նշված պահանջը խախտելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն:
Մասնավորապես, Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 401 հոդվածի համաձայն` քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հիգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը տեղամասային կենտրոնի շենքի ներսում, մուտքի մոտ կամ շենքի շուրջը բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրությունների հավաքմամբ` ընտրողների կամաարտահայտման վրա ներազդելու միջոցով կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը զանգվածային լրատվության միջոցներով կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net