Նվիրատվությունն «ամենապահանջված» գործարքն է

Մեր օրերում նվիրատվությունն ամենամեծ «պահանջարկ» ունեցող գործարքն է:

 

Անգամ իրավագիտությունից ոչինչ չհասկացողին եթե հարցնես, թե գույքի փոխանցման վերաբերյալ որ գործարքին է նախապատվություն տալիս, միանշանակ կպատասխանի. «Նվիրատվության»:

 

Մարդիկ հաճախ նախընտրում են կատարել նվիրատվության գործարք, քան կտակ:

 

Իսկ որո՞նք են իրականում նվիրատվության պայմանագրի առավելությունները, և որո՞նք են դրա բացասական կողմերը:

 

Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա’մ իրեն, կա’մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

 

«Նվիրատվության պայմանագիրը, ի տարբերություն կտակի, կնքվում է նվիրատուի կենդանության օրոք, և վերջինիս կենդանության օրոք էլ սեփականության իրավունքը փոխանցվում է մեկ այլ անձի»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Իրավաբանի խոսքով` նվիրատուի մահից հետո նվիրառուին նվերի հանձնում նախատեսող պայմանագիրն առոչինչ է:

 

Նման տեսակի նվիրատվության նկատմամբ կիրառվում են ժառանգման մասին կանոնները:

 

Ի տարբերություն նվիրատվության` կտակի դեպքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքը մեկ այլ անձի է փոխանցվում գույքի սեփականատիրոջ մահից հետո միայն և մինչև մահը անձը ցանկացած պահի կարող է փոխել կտակը, իսկ նվիրատվության պայմանագրից նվիրատուն իրավունք ունի հրաժարվել, եթե պայմանագիրը կնքելուց հետո նվիրատուի գույքային կամ ընտանեկան դրությունը կամ առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նոր պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում:

 

Նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:

 

Եթե նվիրառուն կյանքից դիտավորյալ զրկում է նվիրատուին, ապա դատարանում նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունք ունեն նվիրատուի ժառանգները:

 

Նվիրատուն իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու նվիրատվությունը, եթե նվիրառուի վերաբերմունքը նրան նվիրված գույքի նկատմամբ, որը նվիրատուի համար իրենից ոչ գույքային մեծ արժեք է ներկայացնում, դրա անդառնալի կորստի սպառնալիք է ստեղծում:

 

Իսկ թե որ գործարքին նախապատվություն տալ, որոշե՛ք ինքներդ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել