Որպես կանոն յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
Ատեստավորման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ոստիկանության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
2) ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.
3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
Բացի այդ, հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար: Պարտադիր ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին: Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Ատեստավորման հանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան 1/4-ը պետք է լինեն բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների, որպես կանոն, տվյալ բնագավառի գիտական կոչում (աստիճան) ունեցող անձինք: Ելնելով ծառայության առանձնահատկություններից՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:
Ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.
3) կարող է ներկայացվել խրախուսման.
4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել՝ ծառայողին գործուղել վերապատրաստման.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում՝ վերադասության կարգով:
Աղբյուրը`Իրավաբան.net