Ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպում է համայնքի ղեկավարը կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը:
Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են տուրքի գանձումը` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
Ավտոկայանատեղի տուրքը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով` դրամով:
Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետևյալ դրույքաչափերով`
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.
3) մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.
4) մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.
5) մեկ տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:
Նշենք որ՝ սույն դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների), կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու դեպքում ծագած հարաբերությունների վրա:
Աղբյուր՝ Իրավաբան.net