Ի՞նչ իրավունքներ ունի աշխատանք փնտրող անձ. «Զբաղվածության մասին» օրենքը կարգավարում է

«Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`

1) հաշվառվելու նպատակով դիմելու լիազորված մարմին.

2) լիազորված մարմնից ստանալու զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.

3) ստանալու տեղեկություններ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.

4) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության.

5) մասնագիտական կողմնորոշման.

6) լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:

Գործազուրկը, նշված իրավունքներից բացի, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում հետևյալ ուղղություններով.

1) մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների օրերի համար.

2) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցություն.

3) գործատուի կողմից լիազորված մարմին ներկայացված և առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.

4) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն:

 Հաշմանդամություն ունեցող գործազուրկը, նշված իրավունքներից բացի`

1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում.(3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 3 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

4. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 1 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է):

2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվելու ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:

5. Աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից տրամադրվող զբաղվածության ծառայությունները մատուցվում են անվճար:

Լիազորված մարմինը, այս դեպքում, զբաղվածության պետական գործակալությունն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել