Սպառնացել է նախկին ընկերուհու մորը նրա դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակել, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից. դատավճիռը հրապարակվել է

2018 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դռնբաց դատական նիստում, արագացված դատական քննության կարգով քննվել է առանձնապես խոշոր չափերի շորթման գործ: Գործով որպես մեղադրյալ է ներգրրավել 25-ամյա Մ. Սիմոնյանը: Նախագահող դատավորը է նշանակվել Վարդան Գրիգորյանը:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Սեպտեմբերի 29-ին «Ֆեյսբուք» սոցցանցի «Մեսենջեր» հավելվածի միջոցով Սիմոնյանը հաղորդագրություն է ուղարկել իր նախկին ընկերուհի Ս. Դալդաբանյանի մորը, գործով տուժող Վ. Համբարձումյանին և վերջինիս դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու, այն է նրանց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունների տեսագրությունները համացանցում հրապարակելու սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի 6.000.000 դրամ, սակայն հոկտեմբերի 1-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ Վ.Համբարձումյանի կողմից պահանջվող գումարից 1.000.000 դրամ Սիմոնյանին փոխանցելուց հետո վերջինս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Մ. Սիմոնյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչև դատաքննություն սկսելը միջնորդել է դատարանին դատական քննություն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր:

Պատասխանատվությունը մեղմացնող և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ ամբաստանյալ Մ.Սիմոնյանի համար դատարանը դատաքննությամբ չհայտնաբերել:

Դեկտեմբերի 10-ին դատարանը հրապարակել է դատավճիռը, որով Մ. Սիմոնյանը  ճանաչվել է մեղավոր  և դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով:

Դատավարության մասնակիցների կողմից դատավճիռը կարող էր բողոքարկվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դատավճիռը չի բողոքարկվել:

Իրեղեն ապացույց ճանաչված «Սամսունգ Ա8» մոդելի բջջային հեռախոսում առկա թվով 5 տեսաձայնագրությունը, 3  լուսանկարը և Մ.Սիմոնյանի կողմից Վ.Համբարձումյանին ուղարկված հաղորդագրություններն որպես ապացույց դատարանը որոշել է թողնել քրեական գործում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել