Պաշտպանի իրավունքների սահմանները

Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին: Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի:

 

Պաշտպանը քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված` մարդու (այդ թվում` նաև քաղաքացու) իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները:

 

Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին:

 

Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների և կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները:

 

Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև պետական այլ մարմինների նիստերին և ելույթ ունենալ, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ նիստերի քննարկմանը ներկայացնել այդ կամ դրանց ենթակա մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հարցեր:

 

Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում և բողոքարկման ենթակա չեն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել