Ավագանին ընդունում է որոշումներ:
Ավագանու որոշումների, ուղերձների և հայտարարությունների ընդունումը նախաձեռնելու իրավունքը պատկանում է ավագանու անդամին, քաղաքապետին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` ավագանու խմբակցությանը, ավագանու անդամների մեկ երրորդին: Քաղաքապետի պահանջով իր ներկայացրած նախագիծը քննարկվում է արտահերթ:
Ավագանու որոշումների, ուղերձների, հայտարարությունների ընդունումը կարող է նախաձեռնել նաև ավագանու ընտրությունների առումով ընտրական իրավունք ունեցող անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը:
Ընտրողների նախաձեռնությունները կատարելու և ավագանու նիստում դրանք քննարկելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Որոշումների, ուղերձների և հայտարարությունների ընդունման նախաձեռնությունները քննարկվում են ավագանու նիստում ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում:
Ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին:
Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Քաղաքապետի եզրակացության համաձայն` Երևանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ավագանու հայտարարությունները և ուղերձները մեկշաբաթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է քաղաքապետը:
Ավագանու որոշումները ստորագրում և հրապարակում է քաղաքապետը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ավագանու ակտերն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
Քաղաքապետը ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պարտավոր է քննության առնել այն և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:
Աղբյուրը` Իրավաբան.net