Հարկադիր կատարողի որոշմամբ կատարողական վարույթն ավարտվում է, եթե`
1) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին.
2) անհնարին է պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
4) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար.
4.1) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան.
5) ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.
6) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին.
7) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ.
8) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:
Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը վերադարձվում է պահանջատիրոջը, բացառությամբ 2-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի: Եթե կատարողական վարույթն ավարտվում է պահանջատեր քաղաքացու մահվան պատճառով, ապա կատարողական թերթը վերադարձվում է մահացածի ժառանգներին` նրանց գրավոր պահանջի դեպքում:
Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:
Հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին, երբ վերանում է պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհանրինությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net