ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն`Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը:
Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:
Դիմումը սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի (անձանց) կողմից ստորագրված:
Դիմումում պետք է նշվեն՝
1) սահմանադրական դատարանի անվանումը.
2) դիմողի անունը (անվանումը), հասցեն (իրավաբանական հասցեն).
3) դիմողի ներկայացուցչի մասին անհրաժեշտ տվյալներ, եթե կան այդպիսիք.
4) Սահմանադրության այն հոդվածը, որը սահմանադրական դատարան դիմելու իրավունք է տալիս.
5) սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները`
Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.
6) դիմումին կցվող նյութերի ցանկը, եթե կան այդպիսիք:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անհատական դիմումները կարող են ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը:
Անհատական դիմումները կարող են ներկայացվել ինչպես Ազգային ժողովի ընդունած, այնպես էլ հանրաքվեով ընդունված օրենքների դրույթների սահմանադրականության վերաբերյալ:
Նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը` իր ընդունած օրենքների առնչությամբ:
Հանրաքվեով ընդունված օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գործերով որպես պատասխանող կողմ նույնպես ներգրավվում է Ազգային ժողովը, իսկ որպես հարակից պատասխանող` սահմանադրական դատարանի որոշմամբ կարող է ներգրավվել կառավարությունը, եթե նա է ներկայացրել տվյալ օրենքը հանրաքվեի դնելու առաջարկը:
«Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, դիմողի գնահատմամբ, հակասում են տվյալ օրենքի դրույթները, ինչպես նաև պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում. «Դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո»:
Նշված գործերով դիմողը պարտավոր է սահմանադրական դատարան ներկայացնել նաև օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին:
Պետական տուրքը ֆիզիկական անձանց սահմանադրական դատարան դիմելու համար սահմանվում է բազային պետական տուրքի հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար` քսանապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net