Ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որն իրականացվում է ախտաբանաանատոմիական հետազոտությունների, ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական փորձաքննության միջոցով:
Ախտաբանաանատոմիական հետազոտությունները հիվանդությունների ախտորոշման նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ախտաբանաանատոմիական հերձումները մահացած անձի մահվան պատճառը որոշելու և նրա հիվանդության ախտորոշումը ճշգրտելու նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հերձումը կարող է իրականացվել, եթե մահվան դեպքը օրենսդրությամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության առարկա չէ: Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը կամ նրա հարազատների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կարգով իրականացվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևիցե հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում.
2) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության հիմնավորված կասկածի դեպքում.
3) նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան).
4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում.
5) հղիների, ծննդականների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքում.
6) այն դեպքում, երբ հիվանդը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում:
Պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մահվան կամ հիվանդության ախտորոշման վերաբերյալ ախտաբանաանատոմիական հետազոտության եզրակացությունը կցվում է մահացած անձի բժշկական փաստաթղթերին, իսկ դրա պահանջի դեպքում տրվում է նաև հարազատներին, օրինական ներկայացուցչին, ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը կամ դատարանին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net