ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Նախագահի առաջարկությամբ, նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:
Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության Նախագահը:
Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:
Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի դատախազներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանցից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի և կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանցից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող դատախազներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող դատախազներին նշանակում գլխավոր դատախազը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանցից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:
Աղբյուրը` Իրավաբան.net